Thanks to visit codestin.com
Credit goes to hetq.am

HY RU EN
Codestin Search App

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ էր անում ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը Ջաբրայիլի հակահարձակման ժամանակ

Թե ինչ դեր է ունեցել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը՝ հայտնի չէ: Տարբեր քրեական գործերով նա հարցաքննվել է, որից էլ հնարավոր է իմանալ որոշ մանրամասներ: 

Պաշտոնապես նա պետք է հանդիսանար բանակի ղեկավարության առանցքը՝ համակարգելով օպերատիվ բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Սակայն, Ջաբրայիլի ուղղությամբ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման օրինակով պարզ է դառնում, որ գեներալ-մայոր Վարդանյանի ներգրավվածությունը նման որոշիչ գործողություններում եղել է սահմանափակ։

Արցախի ՊԲ-ում Գլխավոր շտաբի պետի անմիջական ենթակայության տակ էին գտնվում հետախուզությունը, օպերատիվ բաժինը, կապը, ռազմատեղագրական և զորահավաքային բաժինները, զորքերի ծառայությունը։ Մյուսները ՊԲ հրամանատարի և տեղակալների ենթակայության տակ էին։

Կամո Վարդանյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017 և 2020-2021 թվականներին։ 

2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետը գեներալ-մայոր Կամո Վարդանյանն էր։ Պատերազմից հետո Վարդանյանը դարձավ Արցախի ՊԲ հրամանատար, իսկ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման, արցախի հայաթափումից հետո՝ 2024 թվականի սպրիլի 4-ին, նշանակվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Թե ինչ խորհուրդներ է տալիս այսօր նա նախարարին, անհայտ է: 

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում գլխավոր շտաբի պետի գործողությունների մասին ուսումնասիրությունը դեռ հասանելի չէ։ Թե ինչ է նա պատմել Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, նույնպես հասանելի չէ: Սակայն, մեր ձեռքի տակ են հայտնվել պատերազմի առանցքային դրվագներից մեկի՝ 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլի ուղղությամբ իրականացված հակահարձակման օպերացիայի ընթացքում Կամո Վարդանյանի գործողությունների վերաբերյալ իր տված ցուցմունքից որոշ տեղեկություններ։

2020 թվականի սեպտեմբերի 28-ին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով, Վարդանյանը մեկնել է արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատված։ ԳՇ պետի հետ մեկնել են նաև օպերատիվ բաժնի, կապի, հրետանու սպաներ։

Հյուսիսային հատվածում՝ 7-րդ պաշտպանական շրջանի (Եղնիկների) տեղամասում գտնվելու ընթացքում Վարդանյանը ռադիոկապով տեղեկացել է սահմանի մնացած հատվածներում տիրող իրավիճակի մասին։ 

Քննիչի՝ ինչպե՞ս է արտահայտվել Ձեր մասնակցությունը հակահարվածին հարցին, Կամո Վարդանյանը պատասխանել է, որ հրամանատարական կետ վերադարձել է հոկտեմբերի 5-ի գիշերը։ Այդ ժամանակ էլ իմացել է հարավային ուղղությամբ նախապատրաստվող օպերացիայի մասին։ Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ Վարդանյանը չի կարողացել ծանոթանալ օպերացիայի մանրամասներին։

 Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան, Պաշտպանության բանակի ղեկավարի հրամանատարությամբ Կամո Վարդանյանը, օպերացիային ներգրավված ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների պետերը մեկնել են՝ տեղազննման աշխատանքներ իրականացնելու։

Հոկտեմբերի 7-ին Ջալալ Հարությունյանը, Կամո Վարդանյանը, ՊԲ հրամանատարի տեղակալները մեկնել են Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում տեղակայված հրամանատարական կետ։ 

Քննիչը Վարդանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ հրաման է ստացել և իրականացրել և արդյոք վերահսկել է ինչ-որ ստորաբաժանման աշխատանք։ 

Կամո Վարդանյանն ասել է, որ փաստաթղթերի կազմմանը չի մասնակցել, քանի որ հոկտեմբերի 5-ին է վերադարձել հյուսիսային ուղղությունից։ Նա նշել է, որ միայն հասցրել է մի քանի հարց տալ մանրամասների մասին։ ՊԲ շտաբի պետն ասել է նաև, որ կոնկրետ չի հիշում, թե ինչ հրամաններ է իրեն տվել Ջալալ Հարությունյանը։

Կամո Վարդանյանի խոսքով՝ օպերացիան մշակվել է բանակի հրամանատարի գլխավորությամբ՝ շտաբի օպերատիվ բաժնի կողմից։

Քննիչը հետաքրքվել է՝ արդյոք խախտումներ նկատել է օպերացիայի պլանավորման ընթացքում, Վարդանյանը պատասխանել է, որ չի հիշում, հնարավոր է ինչ-որ բան կիսատ եղած լինի, որը տեղում շտկվել է։ 

Կամո Վարդանյանը ասել է՝ միայն հիշում է, որ բանակի հրամանատարը բրիգադի և գումարտակների հրամանատարներին հրահանգել է իրենց ենթակաների հետ նորից ճշգրտել բոլոր հարցերը։

Իրավիճակի նպաստավոր լինելու վերաբերյալ քննիչի հարցին Վարդանյանը պատասխանել է, որ իրավիճակը նպաստավոր էր, և օպերացիան ճիշտ իրականացնելու դեպքում կհաջողվեր կանգնեցնել հակառակորդին։  

Վարդանյանի կարծիքով՝ հապաղել չէր կարելի։ Այդ օպերացիան կարող էր բեկել պատերազմի ընթացքը։ Եթե հաջողվեր հասնել նախանշված բնագիծ, հակառակորդը կհայտնվեր շրջափակման մեջ, և կկտրվեին սնուցման ճանապարհները։

Վարդանյանը նշում է, որ տվյալները հավաքել են ինչքան հնարավոր է եղել։ ԱԹՍ-ները չեն կարողացել այդ տեղանքում աշխատել։ Հավաքագրված տվյալները եղել են սակավ։ Հակառակորդ ստորաբաժանումների կազմի և բնույթի վերաբերյալ տեղեկատվություն հայտնի չի եղել։

Հակահարվածի մեկնարկի պահին` հոկտեմբերի 7-ի առավոտյան, Վարդանյանը գտնվել է հրամանատարական կետում։

Վարդանյանի խոսքով՝ հակահարվածի սկիզբը բարեհաջող է եղել։ 8-րդ բրիգադի մոտոհրաձգային գումարտակը մեծ քանակով մարդուժ է ոչնչացրել, 49-րդը հաջող շարժվել է առաջ։

Օպերացիայի մեկնարկի օրը, հրամանատարական կետ մեկնելու ճանապարհին Վարդանյանը հանդիպել է 8-րդ բրիգադի անձնակազմին և տեսել, որ նրանց տեխնիկաներից մի քանիսը խափանվել են ճանապարհին։ 

«Հետո հանդիպեցի 2-րդ ՊՇ-ի անձնակազմին։ Զրուցեցի նրանց հետ՝ մարտական ոգին բարձրացնելու համար»,- ասել է Վարդանյանը։

Երբ քննիչը ընթերցում է ԳՇ պետի պարտականությունները և ասում, թե դրանք որքանով են կատարվել, Վարդանյանը պատասխանում է, որ չի մասնակցել օպերացիայի պլանավորմանը, իսկ մյուս կետերն իր լիազորությունների շրջանակներում կատարել է։

Չնայած ԳՇ պետի պարտականություններին՝ Վարդանյանը խոստովանել է, որ չի ղեկավարել պլանավորումը և միայն տեղում վերահսկել է որոշ ստորաբաժանումների շարժը՝ սահմանափակ ներգրավվածությամբ։

Հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերին Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Հարությունյանը մեղադրվում էր ռազմական դրության պայմաններում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։ 2023-ի աշնանը Ջալալ Հարությունյանն այս դրվագով արդարացվեց։

Ռազմագիտական հանձնաժողովի 306 էջանոց փորձագիտական եզրակացությամբ 11 ռազմագետ եկավ եզրակացության, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է «բարեխիղճ, զգոն և գրագետ»։ 

2025 թվականի մայիսին Հորադիզի հակահարձակման ձախողված օպերացիայի մասով դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան հանձնեց ևս մեկ վարույթ։ Վարույթի շրջանակում մեղադրյալներն այս անգամ երեքն են՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (ՑՕՐ) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն բրիգադի երկրորդ գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ 

Ըստ վարույթի՝ հակահարձակման օպերացիայի ընթացքում զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը։

Այս գործով դատական վերջին նիստը կայացել է հոկտեմբերի 6-ին։ Նիստն անցկացվել է դռնբաց ռեժիմով։ Դրան նախորդող երկու նիստերը դռնփակ էին անցկացվել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter